Դաշնակցության կողմից ՀՀ նախագահական ընտրություններում երկու թեկնածուի առաջադրումը «ոչ հնարք է և ոչ էլ փիառ-ակցիա»

19.09.2007, 17:25
Դաշնակցության կողմից ՀՀ նախագահական ընտրություններում երկու թեկնածուի առաջադրումը «ոչ հնարք է և ոչ էլ փիառ-ակցիա»

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դաշնակցություն կուսակցության կողմից ՀՀ նախագահական ընտրություններում երկու թեկնածուի առաջադրումը «ոչ հնարք է և ոչ էլ փիառ-ակցիա»։

Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանում ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով կուսակցության Հայաստանի կազմակերպության  Գերագույն Ժողովի որոշումը՝ ՀՀ նախագահական ընտրություններում հնարավոր երկու թեկնածուների՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի առաջադրման մասին։

«Երկու թեկնածուի առաջադրումը կուսակցության ներքին ժողովրդավարության կարևոր դրսևորումներից մեկն է, ինչն ընդունված է ողջ աշխարհում»,- ասաց նա։

Ռուստամյանը նշեց, որ երկու թեկնածուներն էլ հանդիպումներ կանցկացնեն մարզերում՝ յուրովի ներկայացնելով կուսակցության հայացքները՝ ելնելով անհատական առանձնահատկություններից։

«Վերջնական արդյունքում ում էլ ընտրի կուսակցությունը՝ որպես նախագահի թեկնածու, նա կլինի Դաշնակցության թեկնածուն»,- ասաց նա։

ՀՀԿ թեկնածուի հետ մրցակցության վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելով՝ Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը դեմ չէ Սարգսյանի թեկնածությանը։

«Մենք չենք առաջնորդվում «ընդդեմ» սկզբունքով, երկրում թշնամիներ չենք փնտրում, հակառակը, առաջնորդվում ենք «հանուն երկրի զարգացման» սկզբունքով։ Մենք պատրաստ ենք բանավիճել ՀՀԿ-ի հետ՝ կոնկրետ գործընթացների շուրջ և չենք պատրաստվում զբաղվել սևացնելով կամ հակաքարոզչությամբ»,-ասաց նա։

2008թ. գարնանը Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Քաղաքագետների կարծիքով, Սերժ Սարգսյանը ամենահավանական թեկնածուն է երկրի նախագահի պաշտոնի համար՝ հատկապես հաշվի առնելով ՀՀԿ-ի հաղթանակը այս տարվա մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում։ --0—