Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ համագործակցության խորացմամբ. վարչապետ

Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսական «ԱԼՌՈՍԱ» ՓԲԸ-ի հետ համագործակցության խորացմամբ. երկուշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը հետաքրքված է «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ համագործակցության խորացմամբ և ընկերության ներդրումային ծրագրերով»,- վարչապետի խոսքերը «Նովոստի Արմենիա» գործակալությանը փոխանցեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սարգսյանը ողջունեց մեծ ընկերությունների մուտքը Հայաստան՝ «լուրջ և հեռանկարային գործունեություն իրականացնելու» նպատակով։
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել նման ընկերություններին, ինչի ապացույցն է այսօր հանրապետության կառավարության և «ԱԼՌՈՍԱ»-ի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։
Իր հերթին Վիբորնովը վարչապետին ներկայացրեց իր ղեկավարած ընկերության առաջիկա ծրագրերը և Հայաստանում ընկերության գործունեությունն ընդլայնելու, ներդրումային նոր և խոշոր նախագծեր իրականացնելու մտադրությունները։
Վիբորնովը հայտարարեց, որ ծրագրերն իրագործելիս ռուսական ընկերությունը նկատի է առնում հայկական ադամանդագործական և ոսկերչական ընկերությունների հետ ունեցած համագործակցության փորձը, երկրում բարձրորակ մասնագետների առկայությունը, ինչպես նաև Հայաստանի բարենպաստ օրենսդրական և ներդրումային միջավայրը։
«ԱԼՌՈՍԱ»-ի նախագահի խոսքերով, միջկառավարական համաձայնագրի շրջանակներում մեր երկրում դեռևս 2002թ.-ից գործունեություն ծավալած ռուսական ընկերությունը մտադիր է ակնագործության և ոսկեգործության բնագավառներում փոխշահավետ և ամուր համագործակցություն զարգացնել Հայաստանում։
Ռուսաստանը աշխարհի խոշորագույն ալմաստի հումք արտահանող երկրներից է։ Ալմաստի արտահանման ընդհանուր ծավալի մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Հայաստանը ալմաստի հումք մշակող մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք կարող են տարեկան մինչև 1 մլն. կարատ ադամանդ մշակել։
«ԱԼՌՈՍԱ»-ն ալմաստ արտահանող աշխարհի խոշորագույն ընկերություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006թ. իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։
«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ընկերության արժեթղթերի ևս 8%-ը։--0—