Առանց Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի ստեղծման անիմաստ է որևէ այլ հարցի քննարկումը. փորձագետ
Առանց Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական նորմալ կապերի ստեղծման, անիմաստ է որևէ այլ հարցի քննարկման մասին խոսելը: Այդ մասին չորեքշաբթի Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Ավագյանը:
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման կամ Եղեռնի ճանաչման խնդիրների քննարկման համար անհրաժեշտ մթնոլորտ է հարկավոր, ինչն այսօր բացակայում է»,- ասաց նա:
Միաժամանակ, ըստ նրա, Թուրքիայի կողմից հարաբերությունների նորմալացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Ստամբուլում կձևավորվի այն կարծիքը, որ Հայաստանի հետ հարաբերությունների լավացումն անհրաժեշտություն է:
«Բայց Թուրքիան այդ քայլին կգնա միայն ազգային շահերից ելնելով կամ խուսափելու համար ավելի մեծ ճնշումներից ու բարդություններից, որ կարող է առաջացնել այս իրավիճակը»,- ասաց Ավագյանը:
Փորձագետի կարծիքով, դեպի Եվրոմիություն ձգտող Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների լավացումը կարևոր դեր չի խաղում, հատկապես այն պատճառով, որ նրանք եվրաինտեգրման ճանապարհին ավելի լուրջ խնդիրներ ունեն, մասնավորապես, տնտեսական խնդիրները, Կիպրոսի հարցը:
Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—