ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը, ինչը նշանակում է, որ այն կդիտարկվի Ներկայացուցիչների պալատում:
Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ Ըստ ընթացակարգի, բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։
Նախօրեին տվյալ բանաձևը հաստատել է
ԱՄՆ-ի Կոնգրեսի կանոնակարգի հանձնաժողովը:
Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի կունենա վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ: Տվյալ բանաձևին կողմ են ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ազդեցիկ ներկայացուցիչներ:
Տվյալ բանաձն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:
Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–