«Որևէ առաջարկ չի եղել, որին հնարավոր կլիներ պատասխանել «այո» կամ «ոչ»»․ Քոչարյանը՝ Մեղրին հանձնելու մեղադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսի ժամանակ հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեղադրանքներն այն մասին, որ 1999թ․–ին ընթացել են Մեղրին Ադրբեջանին հանձնելու բանակցություններ։
Քոչարյանը հայտարարեց, որ 1999թ․–ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն առաջարկեց անջատել տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցերը, իսկ ինքն էլ հայտարարեց, որ Հայաստանի համար անընդունելի է կորցնել Մեղրին։
«Բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն են տալու հասնել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչի՞ եմ համոզված եղել։ Որովհետև այդ ընթացքում Ալիևն այնուամենայնիվ ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ։ Սա էր ամբողջ մեր տրամաբանությունը», – ասաց նախկին նախագահը։
Նա նշեց, որ այդ հանդիպման ժամանակ և հետագա երկու տարիներին որևէ առաջարկ չի եղել, որին հնարավոր կլիներ պատասխանել «այո» կամ «ոչ»։ Միակ առաջարկը ՄԽ–ի կողմից եղել է 2001թ․–ին ն Քի Վեսթում։
Ինչպես կարծում է Քոչարյանը, այս թեման հիմա «տաքացրել են», քանի որ գործող իշխանությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ գնալ Ադրբեջանի զիջումներին պահանջվող միջանցքի հարցով (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», խմբ․)։
«Կգնան զիջումների և կհայտարարեն․ «Ես ի՞նչ կապ ունեն, էն ժամանակ, եթե դա քննարկված չլիներ, այս թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա»», – հայտարարեց Քոչարյանը։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին
Ադրբեջանն ու Թուրքիան խրախուսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածին՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում:
Այնտեղ նախատեսվում է կառուցել ճանապարհ և երկաթուղի։ Այս «միջանցքի» հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են ԶԼՄ-ներում։ Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս մերժել են «միջանցքային տրամաբանության» շրջանակում բանակցությունների հնարավորությունը և պնդում են հարգել այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որով անցնելու են հաղորդակցությունները։