Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` Բայդենին գոհացնելու համար. Bloomberg

14.12.2021, 13:50
Bloomberg–ը գրում է, որ Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` Բայդենին գոհացնելու համար
Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` Բայդենին գոհացնելու համար. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կօգնեն Անկարային լավացնել Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունները, որոնք ձևավորվել են Ռուսաստանից հակաօդային պաշտպանության միջոցներ գնելուց հետո, գրում է Bloomberg–ը։

ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները ստեղծել են հարցերի լուծման մեխանիզմներ, որոնք «թունավորել են» ՆԱՏՕ–ի երկու դաշնակիցների հարաբերությունները, որոնք կիսում են ավելի լայն հետաքրքրություններ անվտանգության և տնտեսական ոլորտներում։

«Էրդողանը կարող է զգալի օգուտ ստանալ ցանկացած արտաքին–քաղաքական քայլից, որը կօգնի կայունացնել տնտեսությունը, քանի որ գնաճի սրընթաց ավելացումը սպառնում է նրա հանրաճանաչությանը 2023թ.–ի ընտրությունների նախաշեմին», – նշվում է հոդվածում։

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աշխատելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և կգործարկի չարտերային չվերթեր դեպի Երևան։ Նա նաև հայտարարել է, որ կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

«Թուրքիայի անսպասելի ուվերտյուրան համապատասխանում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, ով Հռոմում հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին բացել Հայաստանի հետ սահմանները, որը չունի ելք դեպի ծով։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Bloomberg–ը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային, Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանները 1993թ.–ին` ի նշան բողոքի Հայաստանի և Ադրբեջանի պատերազմի դեմ, որը մեկ տարի անց ավարտվել է», – նշվում է հոդվածում։

Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ Հայաստանը դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։–0–