Պուտինը զանգել է Ալիևին և ներողություն խնդրել կործանված ինքնաթիռի միջադեպի համար

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում Azal ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։ Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից այն բանի համար, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, հայտնում է Կրեմլը։
Զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական մարդատար օդանավը, որը թռիչք էր իրականացնում հստակ չվացուցակի համաձայն, բազմաթիվ անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները։
Մինչդեռ, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոններում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա պատասխան է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու ժամկետի պահանջների խստացման հետ կապված նոր միջոցառումներին։
Ավիավթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին։ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում, սակայն մառախուղի պատճառով ուղևորվել է դեպի Չեչնիայի մայրաքաղաք։ Ինքնաթիռը աղետի ազդանշան արձակել կառավարման համակարգի խափանման պատճառով: Անձնակազմը շտապ վայրէջք է խնդրել Ակտաուում, սակայն թռիչքուղի չի հասել։
Աղետի հետևանքով ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38–ը զոհվել է։ Ադրբեջանը հայտարարել է, որ ինքնաթիռի բեկորները և ականատեսների ցուցմունքները վկայում են, որ ինքնաթիռի կործանման պատճառը «արտաքին միջամտությունն» է։