Փաշինյանն ու ԵԽ նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերությունը

14.02.2025, 16:45
Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ
Փաշինյանն ու ԵԽ նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարեփոխումների օրակարգի լիարժեք իրականացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը` տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով: 

Անտոնիու Կոշտան ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ: Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Միաժամանակ, Անտոնիու Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները: