Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Երեք երկրների փոխվարչապետերի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30–ին Մոսկվայում։Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր։ Նրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն ԱԱԾ–ի, ԱԳՆ–ի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև ՊԵԿ–ի և Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։–0–