Հայաստանում թուրք դիվերսանտ է հայտնվել. Թևանյան (ՎԻԴԵՈ)

16.12.2021, 14:08
«Հայաստանում է հայտնվել թուրքական դիվերսանտ։ Ավելի կոնկրետ՝ նա Երևանում է, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ շենքում», – հայտարարել է Թևանյանը. ՎԻԴԵՈ
Հայաստանում թուրք դիվերսանտ է հայտնվել. Թևանյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում է հայտնվել թուրքական դիվերսանտ։ Ավելի կոնկրետ՝ նա Երևանում է, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ շենքում, այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա նաև նշեց, որ հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկը հայտարարած՝ ԱԺ-ի դռները ժողովրդի առաջ բացելու փաստը, իրականում այդպես չէ։

«ԱԺ-ի դռները զոդվեցին ժողովրդի առաջ, բայց օրերս դռները լայն բացվել են թուրքական պրոպագանդայի ակտիվ լոբիստ և ներկայացուցիչ Ժիրայր Լիպարիտյանի առաջ», – ասաց Թևանյանը։

Նշենք, որ ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանը դեկտեմբերի 14–ին ԱԺ–ում փակ դռների հետևում հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումից առաջ նա լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չի տեսնում և ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է վարի իմաստուն քաղաքականություն։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի Ազգային ժողով այցին՝ Թևանյանը նշեց. «ԱԺ-ի իշխող խմբակցությունում նրան ընդունելը շատ վատ մեսիջ է առ այն, որ Հայաստանի համար ընդունելի են թուրքական նախապայմանները, որովհետև Ժիրայր Լիպարիտյանը բաց տեքստով հայտարարել է, որ թուրքական նախապայմանները, այն է՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետականորեն չհետապնդել, Սյունիքի միջանցքը Ադրբեջանին տրամադրել, պետք է անպայման այս նախապայմանները բավարարի հայկական կողմը»։

Իր ելույթում Թևանյանը նաև ասաց, որ այդ մարդը սև թուղթ է բերել Հայաստանի համար և Հայաստանը ուզում է վերածել սպիտակ թղթի։

«Նա իր գործն է անում, նա թուրքական դիվերսանտ է, բայց ի՞նչ գործ ունի նա ԱԺ-ում։ Կարո՞ղ ենք այստեղից ողջամիտ կասկած հայտնել առ այն, որ այդ նախապայմանները փաստացի ընդունելի են իշխող մեծամասնության և անձամբ դրա ղեկավարի կողմից։ Սա անընդունելի է»,- եզրափակից Թևանյանը։–0–