ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և այն կարգավորելու համար ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում։
Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին
Հունվարի սկզբից բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Ղազախստանում, Մանգիստաուսկի շրջանի երկու քաղաքների բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ: Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ և լուսաձայնային նռնակներ: Ղազախստանի տարածքում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:
Հունվարի 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցրեց մի շարք մարզերում, իսկ հետո նաև Ղազախստանի ամբողջ տարածքում: Հունվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, Տոկաևը մեղադրեց նրանց նման իրավիճակի ստեղծման մեջ և գլխավորեց Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում: Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմերը, որոնց կազմում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի Զինված ուժերը:-0-