Ալիևը վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել․ թուրքագետ

08.01.2025, 14:59
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել
Ալիևը վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել, հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները։

«Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։ Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները», – գրել է նա Telegram–ի իր ալիքում։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ մինչև հունվարի վերջ կկայանա սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը, նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական ​​պետություն»՝ նշելով, որ «այդ ֆաշիզմը կոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության կամ մեր կողմից»: Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ալիևը նաև պահանջել է, որպեսզի Հայաստանը դադարի զինվել, իսկ արդեն մատակարարված զենքը վերադարձնի։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրն անհնար է առանց ԵԱՀԿ ՄԽ վերացման, Հայաստանի Սահմանադրության փոփոխության։