Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի նախագահը բանավիճել են (ՎԻԴԵՈ)

29.03.2022, 18:58
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի նախագահը բանավիճել են. ՎԻԴԵՈ
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի նախագահը բանավիճել են (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ալմաթիում մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նիստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի վրա՝ մասնավորապես անդրադառնալով մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար եւ այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի ելույթի՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը եւ չի խախտել դրա դրույթները: Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին՝ եռակողմ հայտարարության համաձայն:

Ի պատասխան այդ հայտարարությունների՝ ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյանը հիշեցրել է տիկնոջը. «Ադրբեջանական կողմի զինված ներթափանցումների եւ խախտումների մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ` Ռուսաստանի Դաշնությունը, որը տվյալ տարածքի խաղաղության երաշխավորն է: Կցանկանայի կրկնել՝ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարն ի պատասխան հայտարարել է, որ Բաքուն բազմիցս առաջարկել է Երևանին խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հաշվի առնելով հինգ կետերը, որոնք Հայաստանը մերժել է:

Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի այն պնդման, թե Բաքուն առաջարկել է, իսկ Հայաստանը հրաժարվել է՝ Ալեն Սիմոնյանը նշել է.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք սկսել այդ աշխատանքի իրականացումը»,- եզրափակել է բանավեճը Սիմոնյանը:-0-