Ադրբեջանցի պատգամավորը ողջույններ է հղել Երևանից «Արցախը Ադրբեջան է» ետնանկարի ֆոնին, մեկնաբանություններում իսկական խրախճանք է (ՖՈՏՈ)

22.02.2022, 19:37
Ադրբեջանցի պատգամավորը ողջույններ է հղել Երևանից «Արցախը Ադրբեջան է» ետնանկարի ֆոնին, մեկնաբանություններում իսկական խրախճանք է. ՖՈՏՈ
Ադրբեջանցի պատգամավորը ողջույններ է հղել Երևանից «Արցախը Ադրբեջան է» ետնանկարի ֆոնին, մեկնաբանություններում իսկական խրախճանք է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստի շրջանակում ադրբեջանցի երկու պատգամավորների երևանյան այցի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում:

Արդեն երկրորդ օրն է՝ Երևանում կազմակերպվում են բողոքի ակցիաներ «Հայաստանն առանց թուրքերի» նշանաբանով: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը թարգմանել է պատգամավոր Սոլթան Մամմադովի հրապարակումը, որը նա արել է Երևանից:

«Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» ետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին»», - գրել է Ոսկանյանը Facebook-յան իր էջում:

Նրա խոսքով, մեկնաբանություններում «խրախճանք» է՝ «Երևանն Ադրբեջան է», «վստահ եմ՝ որոշ ժամանակ անց վերադառնալու ենք մեր հայրենիք Երևան» և այլ զառանցանքների տեսքով։

«Ջրի չորեքշաբթին» Ադրբեջանում կովկասյան պարսիկներից (թաթերից) յուրացված նախանովրուզյան տոներից է, որը նվիրված է բնության չորս տարերքներից ջրին։

Փետրվարի 21–22–ը Երևանում անցկացվում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում են «Արևելյան գործընկերության» երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորները։ Նիստերի մասնակիցների թվում են նաև երկու ադրբեջանցի պատգամավորներ, ովքեր ժամանել են Երևան։–0–