ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել նրա որոշ ձևակերպումների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել

05.07.2021, 20:49
ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել նրա որոշ ձևակերպումների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել
ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել նրա որոշ ձևակերպումների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, նշվում է ՀՀ անվտանգության խորհրդի կայքում։

Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ:

Այնուհետև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

Նշենք, որ Զասը հուլիսի 3–ին հայտարարել է, որ Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված իրավիճակի սրացումը «սահմանային միջադեպ  է» և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթին։ «ՀԱՊԿ ներուժը գործարկվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Իսկ այստեղ մենք, ըստ էության, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծուն, այնտեղ զոհեր, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – հայտարարել է Զասը։

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:–0–