ԱԽ քարտուղարը` Թուրքիայի և սահմանների բացման հնարավորությունների մասին (ՎԻԴԵՈ)

28.03.2021, 10:15
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և սահմանների բացման հնարավորություններին. ՎԻԴԵՈ
ԱԽ քարտուղարը` Թուրքիայի և սահմանների բացման հնարավորությունների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարծում է, որ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է տեղի ունենա ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ, հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Երևանը տեսնում հարաբերությունները Թուրքիայի հետ` Գրիգորյանը նշել է, որ պատերազմից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ։

«Մենք կարծում ենք, որ ապաշրջափակում պետք է տեղի ունենա ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա », – ասել է նա` ավելացնելով, որ դրա հնարավորություններն այս պահին կան։

Գրիգորյանը նաև նշել է, որ Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն չկա, բայց «և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և Թուրքիայի կողմից գոնե հրապարակային հայտարարություններ եղել են»։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե Հայաստանը Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն` հաշվի առնելով նրա աջակցությունն Ադրբեջանին պատերազմի ընթացքում։

«Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», – հայտարարել է նա` պատասխանելով այն հարցին, թե Երևանը Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, ինչպես նշված է պատերազմից առաջ պատրաստված Ազգային անվտանգության հայեցակարգում։

Գրիգորյանի խոսքով, միանշանակ պնդել, որ որևիցե վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործընթացները «նաև այլ հնարավորություններ են տալիս»։

Նա նաև մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները։

«Հռետորաբանությունը մի բան է, այլ բան է, երբ որ բանակցային գործընթացներ են տեղի ունենում։ Եվ մենք ավելի շատ բանակցային գործընթացի մթնոլորտից ենք ելնում, թե որ ուղղությամբ ենք գնում», – ասել է Գրիգորյանը` նշելով, որ աշխատանքները շարունակում են ընթանալ 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի պայմանավորվածությունների շրջանակում։–0–