Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ

12.01.2018, 20:11
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ուրբաթ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում», – նշել է ՀՀ նախագահն ու ընդգծել, որ ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:

«Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են», – նշել է Սերժ Սարգսյանը։

Նա ավելացրել է, որ խորհրդարանի աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը:

«Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ է արձանագրվել:

«Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է», – նշել է Սերժ Սարգսյանը։–0–