ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում

11.01.2017, 12:23
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի` հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության, կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը, գրում է «Ժամանակ» թերթը։

«Հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի (ՀՀ արդարադատության նախարար) հարցը», - նշվում է գրառման մեջ։

Պարբերականը նշում է, որ ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն, ով, ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի։

«Բացի այդ, Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը։ Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը», – գրում է թերթը։ -0-