Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհի անցակետի մոտ պայթուցիկ են նետել. Արցախի ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)
12:22
13 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է, հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն։
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
«Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԱԾ–ից կոչ են անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8–ին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ։–0–