ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրի մեջ նշված է օդային հաղորդակցությունը բացելու հարցը` որպես հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված քայլերից մեկը։
Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Բնական է, որ ռուսական կողմը կիրականացնի դա, միայն նա է ի վիճակի դա անել։ Կարծում եմ` այն կսկսի գործել մոտ ապագայում։ Այս օդանավակայանը կլինի բազմաֆունկցիոնալ. կիրականացվեն ինչպես ուղևորատար, այնպես էլ տնտեսական, բեռնատար չվերթեր։ Օդային հաղորդակցությունը կդառնա ԼՂՀ–ի տնտեսական վերականգնման կարևոր ասպեկտը», – ասել է Բաբայանը։
Նա հնարավոր է համարել, որ օդանավակայանը կընդունի նաև ռազմական չվերթեր։
«Դա կլինի խաղաղության և կայունության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը։ Սակայն կարծում եմ` հիմնականում կլինեն ուղևորատար և բեռնատար օդանավեր», – ասել է Բաբայանը` հույս հայտնելով, որ օդանավակայանը կարող է բացվել մինչև տարեվերջ։–0–