ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել շաբաթ օրը Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 02:30 սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Շիրակի մարզի Աշոցք գյուղի 27-ամյա բնակիչ Արթուր Եղոյանը Բաղրամյան պողոտա 47 հասցեի դիմաց դուրս է հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թույլատրելի տեղում կայանված Renault Logan-ին:
Renault Logan-ը շարժվել է առաջ, բախվել մայթեզրի բետոնե հատվածին և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Մեքենայում գտնվող 66-ամյա Երևանի բնակիչ Աշոտ Աբրահամյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ովքեր դին դուրս են հանել մեքենայից, ինչպես նաև ոստիկաններ, քննիչներ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ականատեսները պատմել են, որ մահացածը «Արքայորդի» ՍՊԸ–ի վարորդ էր, մեքենան շահագործվում էր որպես տաքսի: Աբրահամյանը քնած էր դեպքի ժամանակ: -0-