Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Toyota-ն բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 11-ին, ժամը 01։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն ուղևոր Մերուժան Մ․-ին (ծնված 1994 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Արթուր Ս․-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։