Շենգավիթ ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շենգավիթ ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս տեղեկատվությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։
Խաչատրյանը նաև հայտնել է, որ քրգործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել: Սակայն երիտասարդ կնոջ մոտ հղիությունն անցել է առանց որևէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։ Սեդայի առաջնեկն աղջիկ է, վիճակը լավ է։
Հարազատների խոսքով, բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ -0-