Կյանքին վտանգ չի սպառնում. ԲԿ-ն տեղեկություններ է հայտնել Երևանում վրաերթի ենթարկված 3 երեխաների վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանում վրաերթ էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էր 3 երեխա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 38-ամյա Ա. Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Երեխաների առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն իր Facebook-յան էջում:
«Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են: Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- նշել է քարտուղարը: -0-