ՍՊԱԾ-ի տնօրենը մարդկանց հորդորում է հանգստություն պահպանել և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը մարդկանց հորդորում է հանգստություն պահպանել և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
«Մինչև հիմա աշխարհում որևէ գիտնական, որևէ սեյսմիկ ծառայություն դեռևս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը»,- ընդգծում է Պետրոսյանն երկրաշարժ կապակցությամբ արված մեկնաբանության մեջ:
Ըստ ՍՊԱԾ տնօրենի, այժմ տեղի է ունենում սեյսմիկ էներգիայի մարում և այս պահին որևէ հիմք չկա ենթադրելու, որ ավելի ուժեղ ցնցում է լինելու: «5 բալանոց ցնցումը գտնվում է թույլ սեյսմիկ ֆոնի մեջ և այն չենք կարող հիմք ընդունել որպես շարունակական բնույթ ունեցող: Թույլ երկրաշարժից հետո արձանագրվել է ութ հետցնցում»,- նշում է Պետրոսյանը:
Այսօր, ժամը 12.30-ին ՀՀ տարածքում՝ Գառնի քաղաքից 10 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 և 3.0 մագնիտուդով։--0-