Քարի վերամշակման արտադրամասի տնօրենին սպանել են լինգով. Ոստիկանություն
Էրեբունի վարչական շրջանի Քարամշակման արտադրամասի տնօրենը սպանված է գտնվել չորեքշաբթի առավոտյան, կասկածյալն արդեն խոստովանական ցուցմունք է տվել, հաղորդում է Հայաստանի Ոստիկանության կայքը:
Հաղորդագրության համաձայն, տեղեկությունն այն մասին, որ Արցախի փողոցոմ մարդ է սպանվել, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է ժամը 11.15-ին: Մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով:
Նույն օրը, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն և հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: -0-