Հրապարակվել են մանրամասներ Երևանյան լճում տեղի ունեցած ողբերգական դեպքից

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակվել են մանրամասներ նախօրեին Երևանյան լճում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Երևանյան լճում 68–ամյա քաղաքացի է խեղդվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ 2 քաղաքացի է ընկել:
Մինչ փրկարարների ժամանումը՝ Երևանյան լճի աշխատակիցները կարողացել են մեկին դուրս բերել լճից, իսկ երկրորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները:
Մոտ 20 րոպեից ավելի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, բայց, ցավոք, նրան փրկել չի հաջողվել, իսկ մյուս քաղաքացին, ում դուրս էին բերել Երևանյան լճի աշխատակիցները, բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գասպար Կ.-ն էր, իսկ փրկվածը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Ա-ն: