ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղական ժամանակով ժամը 11։00–ի սահմանում դիմակով, զինվորական համազգեստով և ատրճանակով զինված անհայտ անձը ներխուժել է Վրաստանի խոշորագույն բանկի՝ Bank of Georgia–ի (BoG) մասնաճյուղ:
Նա պատանդ է վերցրել մասնաճյուղի 30 այցելուների և որպես փրկագին պահանջել 2 միլիոն դոլար, մեկ ժամ անց նա ազատ է արձակել երկու տարեց կնոջ, գրում է
«Կոմերսանտը»։
Մասնաճյուղը շրջապատված է ՆԳՆ հատուկջոկատայիններով։ Վերջին տեղեկություններով՝ անհայտ անձը սպառնում է պայթեցնել իրեն` պատանդների հետ միասին, եթե մինչև ժամը 15:30-ն չբերեն գումարը։ Նա ռումբերը ներսից ամրացրել է մասնաճյուղի պատերին։
Վերջին տարիներին BoG-ը մի քանի անգամ ենթարկվել է հարձակման: Դրանցից ամենաաղմկահարույցը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Աբխազիայի հետ սահմանի մոտ գտնվող բանկի Զուգդիդի մասնաճյուղում գրանցված միջադեպն էր, երբ կրկին պատանդներ էին վերցրել։ Այդ ժամանակ վրացական բանակի նախկին զինվորական Բադրի Էսեբուան տասնյակ պատանդներ էր վերցրել, երկար բանակցություններից հետո իշխանություններից ստացել էր 500.000 դոլար փրկագին, մեքենայով հեռացել էր երեք պատանդների և տեղի ոստիկանության պետի հետ, այնուհետև ազատ էր արձակել նրանց և թաքնվել անտառում` վերցնելով գումարով մեծ պայուսակը։ Հանցագործը մինչև հիմա չի կալանավորվել։–0–