Ոստիկանները բերման են ենթարկել քաղաքում նռնակով շրջող տղամարդուն (ՎԻԴԵՈ)
10:56
02 Հուլիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի լույս 30-ի գիշերը Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները, շրջիկ ծառայություն կատարելիս, Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում նկատել են կասկածելի վարքով մի տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Անմիջապես մոտեցել ու տեսել են, որ ձեռքին պայթուցիչով նռնակ կա։ Վայրկյան չկորցնելով՝ տղամարդու ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։
«Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Ճամբարակի բնակիչ էր, 35 տարեկան։ Բուժհաստատությունում ստուգվել է նրա սթափության աստիճանը. պարզվել է, որ ոչ սթափ վիճակում է։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակը բաժնից ուղարկվել է Գեղարքունիքի մարզային վարչություն՝ փորձաքննության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ նռնակը ձեռք բերելու ճանապարհը քննությամբ պարզվում են։–0–