ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաներ հավաքվել են, որտեղ տեղի է ունենում վիճաբանություն։
Պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։
Ըստ նախանական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում