Կրակոցներ Երևանում, «մինչև ատամները» զինված քաղաքացին վնասազերծվել է

17.04.2021, 18:06
Կրակոցներ Երևանում, «մինչև ատամները» զինված քաղաքացին վնասազերծվել է
Կրակոցներ Երևանում, «մինչև ատամները» զինված քաղաքացին վնասազերծվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։

Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել է զինված։

Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել են վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։–0–