Խոշոր ավտովթար Երևանյան լճի մոտ. արգելափակված քաղաքացիները հոսպիտալացվել են

07.10.2022, 14:49
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանյան լճի մոտ, արգելափակված քաղաքացիները հոսպիտալացվել են
Խոշոր ավտովթար Երևանյան լճի մոտ. արգելափակված քաղաքացիները հոսպիտալացվել են
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հոկտեմբերի 7-ին, ժամը 09։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:–0–