Կալանավորվել է զոհված զինծառայողի ծնողներից 1,5մլն դրամ շորթած տղամարդը (ՎԻԴԵՈ)

18.01.2021, 20:37
Տղամարդը խոստացել էր զինծառայողի ծնողներին ազատել նրան գերությունից. ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը զոհվել է. ՎԻԴԵՈ
Կալանավորվել է զոհված զինծառայողի ծնողներից 1,5մլն դրամ շորթած տղամարդը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝  2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

Հետագայում ծնողները տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ոմն Հարութը ներկայացել է որպես զինծառայող, կոչումով՝ մայոր։ Դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի ծնողներին ներկայացել էր այլ անվամբ։ Պարզվեց նաև, որ նա զինծառայող չէ։

«Միջոցառումները հանգուցալուծվեցին հունվարի 14-ին. տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հորդորում է չվստահել նմանատիպ խոստումներ տվող անձանց և անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։–0–