ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 2021թ.հունվարի 27-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, դատարանի որոշման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, այցելել են նշված քննչական բաժնի վարույթում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներին հայտնաբերելու, ինչպես նաև բնակության վայրում և դրան կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրանյութ հայտնաբերելու նպատակով՝ խուզարկություն կատարելու, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Загружается новость ... "Лево"
Արդյունքում, հետախուզման մեջ գտնվող անձը՝ 40-ամյա տղամարդը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և իր մոտ ապօրինի պահվող զենքից կրակ է արձակել տան ներսից, որի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել։ Տարվել են բացատրական աշխատանքներ՝ 40-ամյա տղամարդու կողմից զենքը վայր դնելու վերաբերյալ, որից հետո վերջինս ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող «TT» տեսակի ատրճանակ և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը
հաղորդել էր, որ տղամարդը, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության ԵՔՎ պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու ծառայողներ։ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–