Ձորաղբյուրում 16-ամյա որդին սպանել է 48-ամյա հորն ու հեռացել տնից․ սպանվածին հայտնաբերել է տանտիրոջ ընկերը (ՎԻԴԵՈ)

09.08.2021, 20:27
Ձորաղբյուրում 16-ամյա որդին սպանել է 48-ամյա հորն ու հեռացել տնից․ սպանվածին հայտնաբերել է տանտիրոջ ընկերը.ՎԻԴԵՈ
Ձորաղբյուրում 16-ամյա որդին սպանել է 48-ամյա հորն ու հեռացել տնից․ սպանվածին հայտնաբերել է տանտիրոջ ընկերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում մարդ է մահացել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ահազանգով նախ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ապա ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության։ 48-ամյա տանտիրոջ մարմնին ծակած-կտրած վերքեր կային. նա դանակի մի քանի հարված էր ստացել։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդու հետ առանձնատանը եղել էր նրա 16-ամյա որդին։ Նրանց միջև տհաճ խոսակցություն էր սկսվել, ինչից հետո պատանին դանակահարել էր հորն ու հեռացել առանձնատնից։ Լուսադեմին առանձնատուն էր գնացել տանտիրոջ ընկերը ու տեսել, որ նա սպանված է և ահազանգել էր շտապօգնություն։

Կոտայքի ոստիկանները կարճ ժամանակում ճշտեցին 16-ամյա տղայի գտնվելու վայրը և նրան Երևանի Մոսկովյան փողոցում հայտնաբերելուց հետո բերման ենթարկեցին:

Պատանին ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվել ու ձերբակալվել: Կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում ձերբակալվածը իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը, որը թաքցրել էր հողամասում։

Նախաքննությունը շարունակվում է։-0-