Դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի սահք, ճանապարհը երկկողմանի փակ էր

23.06.2022, 10:58
Դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի սահք
Դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի սահք, ճանապարհը երկկողմանի փակ էր
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 22-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում, տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․ ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։–0–