Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը վերջերս էր վերադարձել ՌԴ-ից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը, ում դին գյուղացիները, հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս, տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ըստ աղբյուրի, ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։-0-