Դրամահավաքի մասին ահազանգի հետքերով.ԿԳ նախարարն անսպասելի այցելում է ծնողական ժողով (ՎԻԴԵՈ)

18.05.2018, 20:57
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ստանալով թիվ 189 դպրոցում կազմակերպված դրամահավաքի մասին ահազանգ, այցելում է այդ դպրոցում կազմակերպված ծնողական ժողով։
Դրամահավաքի մասին ահազանգի հետքերով.ԿԳ նախարարն անսպասելի այցելում է ծնողական ժողով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ստանալով թիվ 189 դպրոցում կազմակերպված դրամահավաքի մասին ահազանգ, այցելում է այդ դպրոցում կազմակերպված ծնողական ժողով։

Տեսանյութը Facebook–յան իր էջում հրապարակել է օգտատերերից մեկը։

Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ Facebook–յան իր էջում հորդորել էլ բոլոր դպրոցներին հրաժարվել դրամահավաքից «Վերջին զանգի» կազմակերպման համար։ Նա զգուշացրել էր, որ նման դեպքերի բացահայտման պարագայում բոլոր մեղավորները կպատժվեն։

«Ես ահազանգ եմ ստացել, որ դպրոցում անօրինական դրամահավաք է կազմակերպվել։ Այդ մասին մեզ տեղեկացրել է աշակերտներից մեկի ծնողը։ Եկել եմ, որպեսզի անձամբ ծանոթանամ իրավիճակի հետ», – ասաց Հարությունյանը։

Ծնողներից մեկը հայտարարեց, որ մի քանի օր առաջ յուրաքանչյուր աշակերտից հավաքվել է 15 հազար դրամ «Վերջին զանգի» համար ծաղիկներ և փուչիկներ գնելու նպատակով, սակայն նախարարի հայտարարությունից հետո ողջ գումարը վերադարձվել է։

«Ընդհանուր գումարը կազմում է 435 հազար դրամ։ Մի՞թե այդքան գումար է հարկավոր ծաղիկների կամ փուչիկների համար», – հարցրեց Հարությունյանը։

Դպրոցի տնօրեն Ռ. Դավթյանն իր հերթին հայտարարեց, որ ծնողներին ընդամենն առաջարկվել է պատրաստվել քննություններին և «Վերջին զանգին», սակայն ոչ ոք չի առաջարկել գումար հավաքել։

«Քննությունների համար պետք է ձեռք բերել միանման տետրեր, գրիչներ։ Դպրոցի բյուջեն հնարավորություն չի տալիս աշակերտներին ապահովել այդ ամենով։ Որևէ այլ ծախս ծնողները չպետք է անեին։ Ինչ վերաբերում է դահլիճը զարդարելուն, ապա դա հենց ծնողների նախաձեռնությունն էր։ Այս մեկ տարվա ընթացքում, որ զբաղեցնում եմ տնօրենի պաշտոնը, ես կտրականապես արգելել եմ անգամ ծաղիկներ նվիրել ինձ», – ասաց Դավթյանը։–0–