Նաիրա Զոհրաբյանը ՊՊԾ գնդի շենքի զավթման մասին. բախումը ելք չէ, այն պատային իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համընդհանուր ջանքերով և երկխոսության միջոցով հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման Երևանում ՊՊԾ գնդի շենքի զավթման հարցում։
«Այսօր մեր առջև կանգնած է մեկ խնդիր` թույլ չտալ իրավիճակի սրացում և հասնել խնդրի խաղաղ հանգուցալուծման։ Մենք իրավունք չունենք շարժվել այլ ճանապարհով։ Հարկավոր է դիտարկել հնարավոր բոլոր տարբերակները` ստեղծված իրավիճակից խաղաղ դուրս գալու համար։ Բախումը ելք չէ, այն պատային իրավիճակ է», – ասաց նա` միաժամանակ չբացառելով խորհրդարանի արտահերթ նիստի գումարման հնարավորությունը։
Հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում ազատվել է հինգ անձ. ԱԱԾ>>
Զոհրաբյանը լրագրողներին հայտարարեց, որ մտադիր էր հանդիպել զինված խմբի անդամների հետ` իրավիճակին ավել լավ ծանոթանալու համար, սակայն չկարողացավ անցնել զավթված շենքի մոտակայքում գտնվող փակ տարածք, քանի որ որոշման համար պատասխանատու անձինք տեղում չէին։
«Չենք պատրաստվում խանգարել, սակայն կարծում եմ, որ եթե որոշակի փուլում քաղաքական գործիչները կարող են աջակցել իրավիճակի լարվածությունը թուլացնելու հարցում, ապա մենք կարող ենք գոնե փորձել», – նշեց Զոհրաբյանը։
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ որոշակի տեղեկություն ունի զինված անձանց հետ բանակցությունների ընթացքի մասին, սակայն ձեռնպահ մնաց մանրամասները ներկայացնելուց` հաշվի առնելով համապատասխան լիազորությունների բացակայությունը։
«Ուզում եմ զրուցել մարդկանց հետ և կարծում եմ, որ պատգամավորի և քաղաքացու իմ իրավունքները պետք է հարգել», – ընդգծեց նա։
Զոհրաբյանը նաև նշեց, որ ծանոթ է զինված խմբի որոշ անդամների հետ։ «Նրանց ահաբեկիչ չեմ անվանի։ Կարծում եմ, որ նման մեթոդներով չի կարելի լուծել խնդիրները, սակայն, միաժամանակ, հասկանում եմ, որ հուսահատության հասած մարդը նման կերպ է տեսնում ելքը։ Սակայն բախումը, անխոս, ելք չէ, և մենք պարտավոր ենք կանխել դա», – ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին չտրվել սադրանքների>>
Նրա խոսքով` Երևանում տիրող իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում ԵԽԽՎ–ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները, ովքեր ուզում են հավաստի տեղեկություններ ստանալ իրադարձությունների մասին, սակայն նրանց կողմից որևէ կոչ կամ հայտարարություն չի հնչել։
Զոհրաբյանը մտադիր է նաև հանդիպել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ցուցարարների նկատմամբ իրավունքների խախտման փաստերով հստակ տեղեկություն ստանալու համար։
«Փաստ է, որ մեր երկրում կա արդարության հետ կապված լուրջ ճգնաժամ, և հարկավոր են շատ լուրջ ու համակարգային փոփոխություններ։ Սակայն կողմերը պետք է բանակցեն, քանի որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր գտնել ելքը», – եզրափակեց Զոհրաբյանը։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը բերման էր ենթարկել ավելի քան 200 մարդու, սակայն առավոտյան նրանց բոլորին ազատ են արձակել։
Նախօրեին երեկոյան հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում` պահանջելով թույլ չտալ գրոհ զինված խմբի անդամների նկատմամբ։ Շենքի մոտակայքից հանկարծ լսվեցին կրակոցներ, և ցուցարարները, կարծելով, թե գրոհ է սկսվել, փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ զինված խմբի անդամները օդ են կրակել` իրենց աջակցությունը հայտնելով Սարի Թաղի բնակիչներին, ովքեր բախման մեջ են մտել ոստիկանների հետ և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Բախումների հետևանքով վեց ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։–0–