Veon Armenia–ն գնում է հայկական շուկայից, Beeline–ը կվաճառեն Team–ին

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
«Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- գրել է նա։
«TEAM.Telecom Armenia» ընկերության մասին
Մի քանի ամիս առաջ ստեղծված «Team» ՓԲԸ հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշ TEAM.Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանյան եղբայրները (Ucom- ի հիմնադիրներն ու երկարաժամկետ ղեկավարները): Նոր ընկերությունը գրանցվել է 2020 թվականի ապրիլի 20-ին «Օլնեթ» անվան տակ, այնուհետև այն վերանվանվել է «TEAM» ԲԲԸ և ՀԾԿՀ-ից ստացել հեռահաղորդակցական գործունեության լիցենզիա:
Ucom-n անցյալ տարվա վերջից բանակցություններ է վարել Հայաստանում «VEON Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline ) գնելու հնարավորության շուրջ: Ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացրել կարգավորիչին 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց ավելի ուշ, Եսայանի և Ucom- ի մյուս բաժնետերերի միջև եղած տարաձայնությունների պատճառով, բոլոր բանակցությունները դադարեցվել են:
Ապրիլի 20–ին Եսայանը, ով իր եղբոր հետ տնօրինում է Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ը, հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ չընդունվեց հիմնական բաժնետերերի մասնաբաժինը (բաժնետոմսերի 94,01%) մոտ 34մլրդ դրամով գնելու առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնումը հաստատեց Հայկ Խաչատրյանին։
«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության մասին
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–