Orange-ը 2,5 տարում Հայաստանում շուրջ 250 մլն եվրո է ներդրել

Orange ընկերությունը շուր 250 միլիոն եվրո է ներդրել Հայաստանում իր գործունեության 2,5 տարիների ընթացքում, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց France Telecom-Orange խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը:
Ըստ նրա, ընկերության կապիտալ ներդրումները նշված ժամանակահատվածում կազմել են 186 միլիոն եվրո, իսկ ներդրումների մնացած մասը կազմել են «Orange» Հիմնադրամի սոցիալական և բարեգործական տարբեր նախագծերը: 2,5 տարում Orange-ը Հայաստանում ապահովել է նաև ավելի քան հազար աշխատատեղ:
Նա միաժամանակ նշեց, որ Orange-ը 2012 թվականին Հայաստանից շահույթ ստանալու ակնկալիք չունի: «Երբ մենք մտանք հայկական շուկա, մենք գիտեինք, որ 2-3 տարի չենք կարող շահույթ ակնկալել: Հայաստանի հետ կապված մեր ծրագրերն ու ռազմավարությունը երկարաժամկետ են»,- նշեց նա:
«Մենք երջանիկ ենք Հայաստանում ներկայացված լինելու համար, որը France Telecom-ի ներկայության ամենաարևելյան երկիրն է և ունի փոքր, բայց շատ դինամիկ շուկա: Ուրախ եմ տեսնելու, որ Հայաստանում Orange-ն ունի նույն դեմքն ու վարքագիծը, ինչ և մյուս եվրոպական երկրներում, և որ ընկերությունն իր աշխատանքի մեջ հենվում է եվրոպական արժեքներին, Orange-ի արժեքներին»,- ասաց Շինը:
Նա ընդգծեց, որ Հայաստանն Orange-ի աշխարհագրության շատ կարևոր երկրներից է, ինչի վկայություն են սոցիալական ներդրումների ծավալները, ինչպես նաև մեկ տարի առաջ Orange Հիմնադրամի ստեղծումը, որը գոյություն ունի France Telecom-ի ծածկույթի գոտու ոչ բոլոր երկրներում: «Սա ցույց է տալիս մեր հավատարմությունը ձեր երկրին»,- հավելեց նա:
Խոսելով 2012 թվականի ծրագրերի մասին՝ Շինը նշեց, որ ընկերությունը կշարունակի իր աշխատանքները, նախևառաջ, ծառայությունների ոլորտի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև պատրաստվում է նոր ծառայություններ ներդնել՝ խթանելով մոբիլ Ինտերնետի զարգացումը Հայաստանում:
Փոխնախագահը նշեց, որ Հայաստանը դարձավ Եվրոպայի առաջին երկրներից մեկը, որտեղ France Telecom-ը գործարկեց 3G+ ցանցը, ինչպես նաև տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ գործում է այդ ցանցը:
Orange Armenia ընկերությունը նախօրեին 3G+ (HSPA) նոր սերնդի ցանցի կոմերցիոն գործարկում է անցկացրել, որն ապահովում է մինչև 42 Մբիթ/վրկ արագություն, ինչպես նաև ներկայացրել է «Internet Hima 4» մոդեմը: Տվյալ ցանցը գործարկվել է Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: 3G+ ցանցի թեստային գործարկումն իրականացվել է 2011 թվականի նոյեմբերին:
«Orange Armenia»-ն France Telecom-ի (Orange ապրանքանիշ) 100-տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ ապահովելով 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի ու ինտերնետ հասանելիություն հանրապետության 500 համայնքներում (քաղաքներում և գյուղերում): -0-