«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-նոյեմբերին աճել է 6,3%-ով՝ կազմելով գրեթե 3 մլն տոննա
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2011թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2981,0 հազար տոննա, ինչը 6,3% գերազանցում է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Փաստացիորեն 2011թ.-ի 11 ամսվա ընթացքում ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,6%-ով գերազանցել է նախատեսված ծավալը:
Հաղորդագրության համաձայն, արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 408,9 հազար տոննա, ինչը 35,2% գերազանցել է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2011թ.-ի 11 ամիսների ընթացքում փոխադրվել է 1238,5 հազար տոննա բեռ, ինչը 5,7%-ով պակաս է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, իսկ տեղական հաղորդակցությունում 2011թ.-ի հունվար-նոյեմբերին փոխադրվել է 1333,6 հազար տոննա բեռ, ինչը 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 12,1%ով:
«Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների, այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է տրանսպորտային ծախսերի կրճատմանը բեռների արժեքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—