Հայաստանի ԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձը կբարձրացվի 10 տոկոսով, ասվում է հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Այս որոշումն ընդունվել է նախարարության ղեկավարության և ավելի վաղ աշխատանքից ազատվելու մասին դիմում ներկայացրած մի խումբ աշխատակիցների համատեղ քննարկումների արդյունքում:
ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական կազմի 158 աշխատակիցներ սեպտեմբերի 20-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում են ներկայացրել՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով: Աշխատակիցների զանգվածային ազատումը կարող էր վտանգել ՀԱԷԿ-ի վերագործարկումը պլանային նորոգումից հետո, որը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին և ըստ ժամանակացույցի կշարունակվի մինչև հոկտեմբերի 27-ը:
«Միջին աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմանը կուղղվեն Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը, վկայակոչելով ատոմակայանի լավատեղյակ աղբյուրին, ինժեներատեխնիկական կազմի աշխատավարձի իրական ավելացումը կկազմի 20 տոկոս՝ կեսը կապահովի Էներգետիկայի նախարարությունը, մյուս կեսը՝ Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը: Արդյունքում, աղբյուրի տվյալներով, ատոմակայանի աշխատակիցները որոշել են այս գիշերվանից վերադառնալ աշխատանքի:
Նախարարությունը նշում է նաև, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման և վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա համակարգին: -0-Ն.Ա.
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։
ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի բաժնետոմսերի 57,3 տոկոսը պատկանում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիային։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0—