Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը. Հայռուսգազարդ

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, հաղորդում է «Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունը:
«Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:
Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
«Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետերերն են «Գազպրոմ» ՍՊԸ-ն և Հայաստանի կառավարությունը:
Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով:-0-