ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 2020 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակին` կատարելով 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։
Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը, Բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները։
ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է, որ ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել իր հաճախորդներին հաղթահարել Covid-19 համաճարակի ազդեցությունը:
«Մեր աջակցությունը ներառում է իրացվելիության ապահովում և առևտրի ֆինանսավորում: Մենք ներդրումներ ենք արել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում: Բանկային հատվածին մեր ցուցաբերած աջակցությունը խթանել է ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: Վերականգնմանն օժանդակելը մեր առաջնահերթ նպատակն է 2021 թվականին։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրամիության (ԵՄ) հետ և շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին այս կարևոր ռազմավարական համագործակցության համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ծրագրերի համատեքստում», – ասել է նա։
ՎԶԵԲ-ը մեծացրել է իր ներդրումների ծավալը տնտեսության անմիջական կարիքները հոգալու և վերականգնման հիմքեր ստեղծելու նպատակով՝ կենտրոնանալով ապագայում բարելավված տնտեսությունների վերակառուցման վրա: Բանկը շարունակել է իր աջակցությունը կենտրոնացնել մասնավոր հատվածի վրա, և այդ աջակցությունը 2020 թվականին կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90 տոկոսը:
Բանկը նաև բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով խորհրդատվական 80 ծրագիր 70 տեղական խորհրդատուների օգնությամբ և երեք միջազգային խորհրդատվական միջոցառումների, շուկայի զարգացման 10 միջոցառումների և դասընթացների միջոցով:
Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ) սկսել է նորարարական նախաձեռնություն`համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ` տեղական բիզնեսներին տրամադրելով ճգնաժամի հաղթահարման թեմաներով անվճար վեբինարներ։ Ազգային ժողովն ընդունել է ԳԱԳ-ի կողմից մշակված՝ լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող փաթեթը:
ՎԶԵԲ–ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է Հայաստանում և ակտիվորեն աշխատում է տնտեսության բոլոր ոլորտներում։ Հայաստանում սկսելով գործել 1992թ.–ից` 2020թ.–ի հունիսի սկզբին բանկը Հայաստանում ներդրել է 1,36 մլրդ եվրո 178 նախագծերում ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներում, ընդ որում ներդրումների 90%–ը բաժին է հասել մասնավոր հատվածին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում