ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյուքնում սպասվում է 6,5%–ի սահմանում, CivilNet–ին տված հարցազրույցում ասել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
«Ապրիլ–մայիսին գրանցվել է տնտեսական որոշակի անկում` ամեն ամիս 5-6%–ի սահմանում։ Հունիսին արդեն գրանցվեց չնչին տարբերություն` մոտ 1–1,5%, և ամենայն հավանականությամբ տարվա արդյունքում ՀՆԱ–ի աճի ընդհանուր կորուստը կկազմի մոտ 2%», – նշել է տնտեսագետը։
Միքայելյանի խոսքով, միշտ, երբ տեղի են ունենում լուրջ քաղաքական փոփոխություններ, տնտեսությունն արձագանքում է արգելակմամբ, օրինակ այն պատճառով, որ քաղաքացիները սառեցնում են իրենց երկարաժամկետ ծախսերը։
«Ձեռներեցները կարող են արգելակել ներդրումները, այսինքն տնտեսական ակտիվությունն արգելակվում է։ Սակայն եթե հետագայում պարզվում է, որ քաղաքական իրավիճակը կայունացել է, ապա տնտեսությունը սկսում է վերականգնվել», – պարզաբանել է փորձագետը։
Նրա խոսքով, նման իրավիճակ կրկնվեց նաև այս անգամ։
«Գլխավորն այն է, որ և′ հին իշխանությունը, և′ նորն իրենց մեջ գտան որոշակի ուժ պայմանավորվելու, որպեսզի գործընթացն անցնի քիչ թե շատ անցավ։ Ամեն անգամ, երբ նշանակվում էր նոր նախարար, նրա կողքը նստած էին լինում վարչապետն ու նախկին նախարարը։ Այսինքն, տեղի էր ունենում գործերի սիմվոլիկ փոխանցում», – ասել է նա։
Միքայելյանը նաև նշել է, որ այս տարին հաջող էր գյուղատնտեսության ոլորտում։
«Եղանակը լավն է, ամռան սկզբում անձրևներ տեղացին, և կարկուտ գրեթե չկար, այնպես որ ամեն ինչ լավ է», – ավելացրել է նա։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2018 թ.–ի հունվար–հունիսին, 2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8,9%–ով։
Ըստ բյուջեի, Հայաստանի տնտեսության աճը 2018 թ.–ին ամրագրված է 4,5%–ի սահմանում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում