ՀՀ–ում Beeline–ի ձեռքբերման համար Ucom–ի հայտը դեռ հավանության չի արժանացրել. Նախարարություն

10.04.2020, 16:38
«Ucom» ՓԲԸ–ի կողմից  «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի ձեռքբերման հայտը դեռ հավանության չի արժանացել
ՀՀ–ում Beeline–ի ձեռքբերման համար Ucom–ի հայտը դեռ հավանության չի արժանացրել. Նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ucom» ՓԲԸ–ի կողմից  «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի ձեռքբերման հայտը դեռ հավանության չի արժանացել, հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալին, Ucom հեռահաղորդակցական ընկերության ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է գրել։ Պատճառն այն է, որ Ucom-ի ղեկավարների և ակցիոներների միջև հակասություններ են ծագել: Տարբեր աղբյուրների տեղեկացմամբ, հակասությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

«Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ», – նշվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը: 

Նախարարությունը նաև կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը:

2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–