ԵՏՄ–ում հնարավոր են համարում ԵՄ–ի հետ երկխոսությունն «անգամ ոչ բարեկամական հռետորաբանության դեպքում». ԵԶԲ

22.11.2018, 15:03
ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև երկխոսությունը միանշանակ հնարավոր է անգամ ոչ բարեկամական հռետորաբանության դեպքում, կարծում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը։
ԵՏՄ–ում հնարավոր են համարում ԵՄ–ի հետ երկխոսությունն «անգամ ոչ բարեկամական հռետորաբանության դեպքում». ԵԶԲ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև երկխոսությունը միանշանակ հնարավոր է անգամ ոչ բարեկամական հռետորաբանության դեպքում, որը պահպանվում է քաղաքական մակարդակում ԵՄ ղեկավարների կողմից, կարծում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Դա առաջին հերթին պայմանավորված է տնտեսական նպատակահարմարությամբ, որը կանխորոշված է երկու ինտեգրացիոն միությունների մասնակից երկրների միջև ձևավորված փոխհարաբերություններով», – ասաց նա հինգշաբթի Մոսկվայում մեկնարկած «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» միջազգային համաժողովի շրջանակում։

Պետրոսյանը նշեց, որ ԵՄ–ն նախկինի պես մնում է ԵՏՄ–ի խոշորագույն առևտրային գործընկերն` առաջին հերթին Ռուսաստանի և Ղազախստանի համար։ Այսպես, ԵՏՀ–ի տվյալներով, 2017 թ.–ի ընթացքում ԵՄ–ին բաժին է հասնում ԵՏՄ երկրների համախառն արտահանման 50%–ը և համախառն ներկրման 41%–ը։

Նրա խոսքով, ԵՏՄ երկրների համար ԵՄ–ի նշանակությունը հաստատվում է նաև եվրոպական շուկայի տարողունակությամբ, բացի այդ ԵՄ–ն կարող է լինել կապիտալի, տեխնոլոգիաների կարևոր աղբյուր և կարևոր դեր խաղալ ԵՏՄ երկրների արդիականացման խնդիրների լուծման գործում` դառնալով տեխնոլոգիական թարմացումների աղբյուր։

Միաժամանակ, ինչպես հայտարարեց կենտրոնի ղեկավարը, հարկավոր է հաշվի առնել, որ ընթացիկ պայմաններում ներկրումը ԵՄ–ից աստիճանաբար զիջում է իր դիրքերը Ասիայի երկրներին։ 2017 թ.–ին ԵՏՄ–ն Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրներից ներկրել է 2%–ով ավելի շատ ապրանք (43%–ը` Չինաստանից, Հարավային Կորեայից և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա երկրներից իրականացրած մատակարարումների աճի հաշվին), քան ԵՄ–ից։

Պետրոսյանի կարծիքով, ընթացիկ պայմաններում ԵՏՄ–ի և ԵՄ–ի համագործակցությունը հարկավոր է կառուցել առավելագույնս կիրառական ձևաչափում։

«ԵՄ–ԵՏՄ համագործակցության հիմնական ուղղություններից կարող է դառնալ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրագործումը, առաջին հերթին տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում։ Գրանցվում է փոխադրումների արագ աճ Չինաստան–ԵՏՄ–ԵՄ առանցքով։ Տարանցումը վերջին հինգ տարում ամեն տարի գրեթե կրկնապատկվում է։ Այս թեման փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ–ի և ԵՏՄ–ի համար», – ասաց նա։

Միաժամանակ Պետրոսյանն ենթադրեց, որ ապագայում, ԵՄ-ՌԴ ներկա լարվածության հաղթահարման ընթացքում, հնարավոր կլինի կնքել առևտրատնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր ԵՏՄ և ԵՄ-ի միջև:

«Սակայն ԵՏՄ երկրները չեն կարող հետաքրքրված լինեն ԵՄ-ի հետ ազատ առևտրի «դասական» գոտիով», - ասաց նա` ավելացնելով, որ Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի (ifo) գնահատմամբ, ազատ առևտրի ռեժիմը կհանգեցնի կորուստների ԵՏՄ անդամ պետություններում մեքենաշինության և գյուղատնտեսության ոլորտներում:

«Չի կարելի մոռանալ, որ ԵՏՄ անդամ պետությունները Եվրոպա առավելապես արտահանում են հումք, էներգակիրներ, սև և գունավոր մետաղներ, հացահատիկ, պարարտանյութեր, իսկ ներմուծում են հիմնականում մեքենաշինության և սպառողական ապրանքներ: Այս ամենը պահանջարկ է ստեղծում ասիմետրիկ լուծումների նկատմամբ, երբ իր շուկայի մասնակի բացման համար ԵՏՄ-ն կստանա համադրելի լրացուցիչ առավելություններ եվրոպական շուկայի կողմից », - ասաց Պետրոսյանը:

«Եվրասիական տնտեսական ինտեգրում» XIII միջազգային համաժողովը նվիրված է եվրասիական ինտեգրման արդիական օրակարգին: Միջազգային կազմակերպությունների, փորձագիտական հանրության առաջատար խոսնակների հետ կքննարկվեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցեր:

Միջոցառմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, բանկի մասնակից պետությունների նախարարությունների և գերատեսչությունների, զարգացման միջազգային և ազգային ինստիտուտների ղեկավարներ, բանկի անդամ պետությունների գիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, օտարերկրյա գիտնականներ և փորձագետներ:

Եվրասիական զարգացման բանկը Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնված միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն օժանդակում է անդամ պետությունների շուկայական էկոնոմիկայի զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Բանկի անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը։–0–