Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է

06.06.2017, 16:29
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է, հաղորդում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունը։

Դաշնակահարի մենահամերգը պետք է տեղի ունենար հունիսի 8–ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում։

«Երեկ երեկոյան Արկադի Վոլոդոսի մենեջմենթից տեղեկացանք, որ արտիստը վատառողջության պատճառով չի կարողանա այսօր ժամանել Երևան, և դաշնակահարի հունիսի 8-ի համերգը տեղափոխվեց հուլիսի 3», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համերգը տեղի կունենա նույն համերգասրահում ժամը 19։30–ին։

Բոլորը տոմսերը ուժի մեջ են:

Գերաստղ Արկադի Վոլոդոսին բնութագրում են որպես «չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ»:

Արկադի Վոլոդոսը ծնվել է մեներգիչների ընտանիքում: Ուսանել է Մոսկվայի Գլինկայի անվան կոնսերվատորիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Փարիզում և Մադրիդում։

1996թ.-ին Նյու Յորքում կայացած հիշարժան դեբյուտից հետո Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և հռչակավոր նվագախմբերի նվագակցությամբ հանդես է գալիս ողջ աշխարհում։ Նա կանոնավոր եկույթ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մուզիքֆերայնում, Լոնդոնի արքայական փառատոնային համերգասրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Շանզելիզեի թատրոնում։

2002թ-ին Զալցբուրգի փառատոնում դեբյուտից հետո, նրան ամեն տարի հրավիրում են ելույթ ունենալու այդ փառատոնում։

«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: –0–