Զինված խումբը մտադիր է սկսել պայքարի երկրորդ փուլը

27.07.2016, 17:45
Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները սկսում են պայքարի երկրորդ փուլը:
Զինված խումբը մտադիր է սկսել պայքարի երկրորդ փուլը
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները սկսում են պայքարի երկրորդ փուլը, հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:

«Սասնա ծռեր» խմբավորումն արդեն անցել է քաղաքական լեգիտիմության փուլը, և մենք պատրաստ ենք սկսել երկրորդ` ժողովրդական պայքարի փուլը: Այսօր Հայաստանում չկա մեկը, ով չի սատարում «Սասնա ծրերին»: Դա փաստ է», - ընդգծեց Ենիգոմշյանը:

Նա նշեց, որ այս հարցը քննարկվելու է Խորենացի փողոցում այսօրվա հավաքի ժամանակ: «Հստակեցվելու է և որոշում կայացվի, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք», - ավելացրեց Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, պայքարը շարունակվում է, իսկ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող տղաները շարունակում են պահպանել վճռական տրամադրությունը:

«Որոշակի անորոշությունը, որ առկա է այս պահին, կապված է հենց պայքարի երկրորդ փուլին անցնելու հետ: Սա ժողովրդական պայքար է: Այսօր աճում է ժողովրդի ինքնաարտահայտման անհրաժեշտությունը: Սակայն այն պետք է համակարգվի», - նշեց Ենիգոմշյանը:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-